Երևանում՝ The LOFT ժամանցի կենտրոնում, ապրիլի 8-ին տեղի կունենա Parajanov Day խորագիրը կրող մշակութային մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսոր, կոնցեպտուալ արտիստ Սերգեյ Փարաջանովին:
Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, այդ օրը The LOFT-ը կվերածվի Փարաջանովի հանրահայտ թբիլիսյան տանը, նրա գունեղ ֆիլմերի նկարահանման հրապարակին, կամ էլ գուցե հանրահայտ Փարաջանովյան ամառանոցի, որտեղ խնջույքներն ու հյուրերն անպակաս էին։
Օրվա ընթացքում սպասվում է թեմատիկ իրադարձությունների մի ամբողջ շարք. «Փարաջանով» թեմայով դասախոսություն-քննարկում՝ հայ բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի կողմից, «Մուսա. Փարաջանով»՝ դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի հագուստի հավաքածուի ցուցադրություն, Անի Հովակի և Սիրանուշ Աղաջանյանի կոլաժների հավաքածուների ցուցադրություն:
Ինչպես նաև միջոցառման ընթացքում գործելու է թեմատիկ ֆոտոանկյուն «Մարաշլյան» ֆոտո ատելիեի կողմից, լինելու է Փարաջանովի կոլաժների հիման վրա ստեղծված մետաքսե շարֆերի հավաքածուի ցուցադրություն, երաժշտական պերֆորմանս, գինու և նռան հյութի հյուրասիրություն և Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմի դիտում-քննարկում:
Միջոցառմանը կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքային խմբի բոլոր ներկայացուցիչները, մուտքավճարը կազմում է 2500 դրամ:
Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:
1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:
Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում: