Ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության«Իմ Քայլը» նախաձեռնության անդամները Երևանի Հյուսիսային ավտոկայանից կշարժվեն դեպի Ազատության պողոտա և Տերյան փողոցով կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկեն ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները՝ ըննդեմ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության:
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ ապրիլի 13-ից 17-ը ներառյալ անընդմեջ հրապարակում հանրահավաքներ, երթեր և բողոքի ակցիաներ իրականացնելու համար: Քաղաքապետարանը հանրահավաքն անցկացնելու մասին հայտն ընդունել է ի գիտություն:
Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին հանրահավաք և երթ իրականացնելու հայտ է ներկայացրել նաև Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:
Ավելի վաղ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության անդամները ավտոերթ են կազմակերպել Մաշտոցի պողոտայում, այնուհետև փակել Ֆրանսիայի հրապարակի հատվածը:
Մինչև այդ նրանք Ֆրանսիայի հրապարակում վրան էին տեղադրել, սակայն ոստիկանները հեռացրել էին ցուցարաներին, պատռել վրանը:
Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը իր համախոհների հետ քայլարշավ է սկսել Գյումրիից Երևան՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության և Հանրապետական կուսակցության: