AM
23 Ապրիլ 2018 - 08:22 AMT

ՄԻՊ-ն առանձնազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին, ինչպես նաև Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին և ձերբակալված մի շարք այլ անձանց:

Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ, ստուգվել են պահման պայմաններն ու համապատասխան փաստաթղթերը: Դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից չեն ներկայացվել: Պատգամավորների կողմից բարձրացվել է նաև ռադիոընդունիչի հարց՝ նորություններին ծանոթանալու նպատակով, որոնք տրամադրվել են: Երկու ձերբակալվածի դեպքում բարձրացվել է զանգի իրավունքի հարց, որն ապահովվել է, հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների ողջ ծավալով քայլեր ձեռնարկելու նպատակով:

Առանձնազրույցների ընթացքում բարձրացված բոլոր հարցերի, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հիմքերի հետ, գրություններ կհասցեագրվեն քրեական հետապնդման մարմիններին:

Ավելի վաղ, ապրիլի22-ին ձերբակալվել են ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նրանք համակարգում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը: