ԱՄՆ պետքարտուղարությունը ՀՀ-ի ընդդիմությանը և իշխանությանը կոչ է արել կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումն իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Մենք ակնկալում ենք սերտորեն գործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները», – ասել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը:
Նա նշել է, որ որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, ԱՄՆ-ն կոչ է անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով:
Ավելի վաղ, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ ՀՀԿ-ի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի իշխանության ներքո արտահերթ խորհրդարանական ընտրություններն անընդունելի են, և որ շարժումը կարող է բոյոկտել դրանք՝ թույլ չտալով ՀՀԿ-ին կազմակերպել իր վերարտադրության միջոցառումը: