ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել է, որ Քոչարյանը Երևանում է:
Մայիսի 2-ին «Ժամանակ» օրաթերթը գրել է, թե իբր Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Մոսկվա:
Երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Ռոբերտ Քոչարյանը Երևանում է և որևէ տեղ չի մեկնել»,-ասվում է գրասենյակի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:
Մայիսի 1-ին տեղի է ունեցել ԱԺ հատուկ նիստը, որտեղ պետք է ընտրվեր երկրի վարչապետը: Միակ թեկնածուն ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն, դեմ քվեարկեց Փաշինյանին: Նրան կողմ է քվեարկել 45 պատգամավոր, դեմ՝ 56:
Բողոքելով ԱԺ-ում քվեարկության արդյունքների դեմ՝ մայիսի 2-ի առավոտյան ցուցարարները փակել են Երևանի փողոցներն ու մայրուղիները: Երթևեկությունը մայրաքաղաքում կաթվածահար է: