AM
3 May 2018 - 07:58 AMT

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով ԵԼՔ-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», – ասել է Զոհրաբյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ընդգծել է, որ քաղաքականության մեջ մինչև վերջ ինչ-որ բանում վստահ լինել հնարավոր չէ, մինչդեռ հույս է հայտնել, որ ՀՀԿ մայիսի 2-ի հայտարարությունը ենթադրում է, որ իրենք սատարելու են ԱԺ պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված թեկնածուին։

Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ՀՀԿ-ն մինչ որոշում կայացնելը հանդիպում էր անցկացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մայիսի 1-ին կուսակցությունը տապալել էր վարչապետի ընտրությունները՝ դեմ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։