AM
3 May 2018 - 09:07 AMT

Կարապետյան. Բարեխիղճ պետք է կատարենք մեր պարտականությունը մինչև նոր կառավարության ձևավորումը

Նախարարների պաշտոնակատարները պետք է բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մայիսի 3-ին տեղի է ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարել պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»,-նշել է Կարեն Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Մայիսի 2-ի երեկոյան հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կսատարի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի ընտրություններում։ Այդ մասին է հայտարարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։Նոր վարչապետը նոր կառավարություն կձևավորի: