AM
4 May 2018 - 06:27 AMT

Նախագահը ՀՀ ներքաղաքական իրավիճակը քննարկել է Յագլանդի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ՝ հեռախոսազրույց ունենալով նրա հետ:

Կողմերը քննարկել են և կարևորել խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ Սահմանադրության և օրինականության շրջանակներում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Յագլանդն իր հերթին ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու օրենսդրական բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանը հրավիրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին՝ իրեն հարմար ժամկետներում այցելել Հայաստան:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալել էր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևել են երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակում։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարել է, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։