AM
11 May 2018 - 08:19 AMT

Սփյուռքի ու տրանսպորտի նախարարները չեն մնա պաշտոններում

Սփյուռքի նախարարի պաշտոնակատարՀրանուշ Հակոբյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանըչեն շարունակի պաշտոնավարումը նոր Կառավարության կազմում: Այդ մասին նրանք ասել են լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ:

«Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույնը, որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ամրապնդվեն», – ասել է Հրանուշ Հակոբյանը:

Նա նշել է, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին:

Վահան Մարտիրոսյանն իր հերթին ասել է՝ ցանկություն չունի շարունակելու մնալու նախարարի պաշտոնում և կարծում է՝ կարող է օգտակար լինել նաև այլ տեղերում:

Իր հերթին առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն ասել է՝ դեռ չի պատրաստվում հրաժարական տալ:

«Այս պահին կատարում եմ իմ պարտականությունները և կշարունակեմ կատարել դրանք այնքան, ինչքան անհրաժեշտ գտնի վարչապետը», – նշել է Ալթունյանը:

Հարցին, թե արդյոք տեսնում է իրեն Փաշինյանի կառավարության կազմում, Ալթունյանն ասել է, որ այդ հարցը պետք է տալ Նիկոլ Փաշինյանին: