AM
19 May 2018 - 08:37 AMT

«Գահերի խաղի» հեղինակները միանգամից մի քանի վերջաբան կարող են նկարահանել

Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» հայտնի սերիալի գլխավոր դերակատարներից է, ենթադրել է, որ ֆիլմի հեղինակները միանգամից մի քանի այլընտրանքային վերջաբան կնկարահանեն: Ըստ նրա, նկարահանման գործընթացն այնպիսին է, որ նույնիսկ դերասանները միշտ չէ, որ հասկանում են, թե կոնկրետ այդ պահին որ հատվածն է նկարահանվում:

«Ես հաճախ նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ եմ անում նկարահանման հարթակում: Իսկապես: Կարծում եմ, նրանք միանգամից մի քանի վերջաբան կնկարահանեն՝ նրանք մեզ չեն ասում, թե ինչ է կատարվում: Հավանաբար՝ չեն վստահում նույնիսկ մեզ: Նորից եմ կրկնում՝ ես սա լուրջ եմ ասում»,-հայտարարել է Քլարկը, գրում է Bird in Flight-ը The Hollywood Reporter-ի վրա հղումով:

Թեև դերասանուհու խոսքերը ոչ ոք չի կարող 100 տոկոսով հաստատել, այնուամենայնիվ, պարբերականներից շատերը ենթադրել են, որ կարող է և այդպես լինել: 2017-ի սեպտեմբերին նմանատիպ վարկած էր առաջ քաշել HBO ներկայացուցիչ Քեյսի Բոյլզը: Նա ասել էր, որ «Գահերի խաղի» նման սիրված սերիալների դեպքում այլընտրանքային վերջաբանները գրեթե անփոխարինելի են՝ դա թույլ է տալիս պայքարել տեղեկատվության հնարավոր արտահոսքի և համացանցում հայտնվելու դեմ:

Եթե իրոք «Գահերի խաղի» մի քանի վերջաբան նկարահանվի, դա չի լինի առաջին անգամ: Նույն կերպ են վարվել, օրինակ, «Սոպրանոների կլանը» սերիալի դեպքում, ինչը թույլ է տվել մինչև վերջ գաղտնի պահել վերջին սերիաների բովանդակությունը:

«Գահերի խաղը» սերիալը HBO ալիքը ցուցադրում է 2011-ից: Կինոպատումի գրական հիմքը Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարն է:2018-ի հունվարի սկզբին HBO հեռուստաալիքը հաստատեց, որ «Գահերի խաղի» վերջին՝ 8-րդ, եթերաշրջանը թողարկվելու է 2019-ին, կոնկրետ ժամկետներ չնշելով: Հայտնի է, որ խաղաշրջանը բաղկացած կլինի 6 էպիզոդից: