AM
12 September 2002 - 15:10 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ԱՆԳԱՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Եվրախորհրդից Հայաստանի հեռացման մասին խոսք անգամ չի կարող լինել: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը` դրանով իսկ հերքելով ԵԽ-ի պահանջները չկատարելու պատճառով այդ կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու սպառնալիքի վերաբերյալ Ադրբեջանի ԶԼՄ-ների հաղորդագրությունները: Հովհաննիսյանի խոսքերով, ԵԽԽՎ Հայաստանի առնչությամբ դիտարկման հանձնաժողովի նախօրեին Փարիզում կայացած նիստում լսված զեկույցն, ըստ էության, դրական է գնահատվել: Միեւնույն ժամանակ, հայկական կողմին պահանջ է ներկայացվել մինչեւ ընթացիկ տարվա վերջն ընդունել նոր Քրեական օրենսգիրք եւ վավերացնել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, որով նախատեսվում է մահապատժի վերացում: Միաժամանակ, մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ, ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի նիստում Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների չկատարման պատճառով սուր քննադատության են ենթարկվել հենց Ադրբեջանի իշխանությունները: Բացի այդ, այս ամիս կամփոփվեն նաեւ ԵԽ անդամ պետություններում, այդ թվում` Ադրբեջանում, քաղբանտարկյալների խնդիրներով զբաղվող Եվրախորհրդի հատուկ ենթահանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Ենթահանձնաժողովի հաշվետվությունից հետո սպասվում են պատասխան քայլեր Եվրախորհրդի կողմից Ադրբեջանի նկատմամբ: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հասցեին արդեն հնչել է սուր քննադատություն: Եթե դա կրկնվի այս անգամ եւս, ապա Ադրբեջանի իշխանությունները կրկին կհայտնվեն երկընտրանքի առջեւ. կա՛մ նրանք պետք է կատարեն ԵԽ-ի պահանջը` դրանով իսկ անհարմար դրության մեջ դնելով իրենց, կա՛մ մինչեւ վերջ հավատարիմ մնան իրենց դիրքորոշումներին` վտանգելով կորցնել ձայնի իրավունքն այդ ազդեցիկ եվրոպական կառույցում: