AM
2 Հուլիս 2018 - 11:42 AMT

ԶՈւ ԳՇ պետ. Իրավիճակը վերահսկվում է՝ անհանգստանալու կարիք չկա

Իրավիճակը նախիջևանյան ուղղությամբ վերահսկվում է: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Իրավիճակը վերահսկվում է: Նորմալ աշխատանք է տարվում: Անհանգստության կարիք չկա», – լրագրողների հետ զրույցում ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով Ադրբեջանում սկսված լայնամասշտաբ զորավարժություններին և իրավիճակին ընդհանուր առմամբ՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ասել է, որ առանձնահատուկ ոչինչ չկա:

«Կատարվում է սովորական մարտավարական աշխատանք: Պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացման: Մենք էլ մեր պլանով մեր զորավարժությունն ենք անցկացնելու, իրենք էլ մեզ կհետևեն: Անհանգստանալու որևէ բան չկա», – նշել է Դավթյանը:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: