AM
18 Հուլիս 2018 - 08:32 AMT

Մինչև զբոսաշրջային սեզոնի ավարտը Վրաստան մեկնող վարորդներից լիազորագիր չեն պահանջի

Վրաստանի իշխանությունները որոշել են ընդառաջել Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիներին՝ լիազորագիր չպահանջել այն վարորդներից, որոնք սահմանը հատում են այլ անձի ավտոմեքենայով: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, որը համապատասխան հաղորդագրություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:

«Հայաստան Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»,-ասվում է գրառման մեջ։