River Fest ռոք փառատոնը 5 տարեկան է: Այս տարի երկօրյա փառատոնը կանցկանցվի հուլիսի 28-29-ին Երևանից 20 րոպե հեռավորության վրա գտնվող Գետամեջ գյուղում:
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնը լի է լինելու «համեղ ու զանազան ուտելիքներով, սառը և անսպառ խմիչքներով, ուրախ մթնոլորտով և հրաշալի խմբերով»։ Երկու օրվա ընթացքում ելույթ կունենան Adana, New Gray, Unaesthetic, Tmba Ta, Rozen Tal, Katil, The Windrose, Palm Of Granite, Mad Nation, MHHOG, Tiezerk, GingeRed, The Drive Dreamers և Dead Walking խմբերը: Նշվում է, որ ցանկը կարող է համալրվել:
«Տոնակատարությունը սկսվելու է հուլիսի 28-ին՝ ժամը 18:00-ին։ Ձեզ կներկայանան Հայաստանի լավագույն խմբերը, ինչպես նաև հատուկ հրավիրված խմբեր արտերկրից։ Գիշերը շարունակվելու է ամենամյա ավանդական խարույկով և ճամբարային հետաքրքիր ու զվարճալի արկածներով։ Երկրորդ օրվա առավոտը կսկսի ջրային պատերազմով, այնուհետև կշարունակվի ակուստիկ ելույթներով և որոշ նոր ժամանցային միջոցառումներով… Եվ իհարկե, մենք կշարունակենք փառատոնն իր ռոքային ոճով մինչև ժամը 23։00»,- ասվում է փառատոնի կազմակերպիչների հայտարարության մեջ։
River Fest-ի տարածքում նախատեսված է գիշերակաց թե՛ սեփական վրաններով, թե՛ տեղում տրամադրվողներով: Կազմակերպվելու է նաև փոխադրում Երևանից Գետամեջ:
Փառատոնի ողջ հասույթը բարեգործական նպատակներով կուղղվի Գետամեջ համայնքին։