Հայոց մայրաքաղաքի 2790-ամյա հոբելյանն այս տարի կնշվի հոկտեմբերի 11-ին, երկուշաբթի լրագրողներին է հայտարարել մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի բաժնի պետ Կամո Մովսիսյանը: «Ըստ Հայաստանի կառավարության որոշման, Երեւանի օրը ամեն տարի նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի ամսվա երկրորդ շաբաթ օրը հոկտեմբերի 11-ն է»,-ասել է նա: Ըստ Մովսիսյանի, Երեւանի քաղաքապետարանն արդեն մշակում է տոնական միջոցառումների սցենարը: «Թեեւ հոկտեմբերը դեռ հեռու է, մենք արդեն նախապատրաստվում ենք, որպեսզի այդ օրը վերածվի համաքաղաքային տոնի»,-նշել է նա: Նա տեղեկացրել է, որ այդ օրերին Երեւան կժամանեն բազմաթիվ արտերկրյա պատվիրակություններ, ինչպես նաեւ զբոսաշրջիկներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
Երեւանը Հայաստանի 13-րդ մայրաքաղաքն է, որը 2008 թ. կնշի իր հիմնադրման 2790-ամյակը: Էրեբունին (Երեւանը) հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւելքում թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: Որմնասյունը, որի վրա փորագրված է Երեւանի հիմնադրման տարեթիվը, պահպանվել է մինչ մեր օրերը եւ այժմ գտնվում է Էրեբունի ամրոցի թանգարանում: Երեւանը Հայաստանի Առաջին Հանրապետության մայրաքաղաք հռչակվեց 1918թ. մայիսի 28-ին: Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի կեսին, 1968 թվականից ի վեր: