ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ձևաչափ): Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում և այս հարցը լուծված է նաև դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը»,-ասվում է վարչապետի գրառման մեջ:
Փաշինյանը նշել է, սակայն, որ ԵՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռևս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին և վարչապետերի խորհրդի նիստին իր չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել և ֆորմատը կաթվածահար կլիներ:
«Քանի որ դեռևս թավշյա հեղափոխության օրերին հայտարարել էի, որ ԵՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ Պետերբուրգ մեկնելու որոշում»,-ասվում է վարչապետի գրառման մեջ: