AM
3 Օգոստոս 2018 - 06:25 AMT

ԱԳ նախարար. ՀՀ-ն շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում

Հայաստանը մեծապես կարևորում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա ամրապնդումը և հանձնառու է շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում այդ նպատակով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց երկկողմ ամուր իրավապայմանագրային դաշտի առկայությունը։

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության փորձը և զինված ուժերի համադրելիության բարձր մակարդակը։ Նախարար Մնացականյանը նշել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տվյալ ոլորտում համագործակցության դրական և կարևոր օրինակներից մեկն է։

Վերջին օրերին լարվածություն է առաջացել հայ-ռուսական հարաբերություններում,կապված ՀՀ Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ առաջադրելու հետ: Ըստ «Կոմերսանտի» աղբյուրների ՌԴ պետականա կառույցներում, Մոսկվային հատկապես նյարդայնացրել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ առաջ քաշված մեղադրանքները: Կրեմլում դա լուրջ հարված են համարում ռազմական դաշինքի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ-ը կարող է ղեկավարել մեկ այլ երկրի ներկայացուցիչ: Ավելին, ըստ պարբերականի, հարցականի տակ է հայտնվել նաև 100 մլն դոլարի զենքի առաքումը Հայաստանին, որը նախատեսված է 2018-ի համար: