AM
3 August 2018 - 09:31 AMT

Էնդի Սերկիսը Netflix-ի համար կէկրանավորի Օրուելի «Անասնաֆերման»

Սթրիմինգային Netflix ծառայությունը գնել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» էկրանավորելու իրավունքները: Որպես ռեժիսոր հանդես կգա հայկական ծագում ունեցող դերասան Էնդի Սերկիսը (Սարգսյան), որը հայտնի է Գոլումի դերով «Մատանիների տիրակալը» եռապատումում:

Ֆիլմի պրոդյուսերը կլինի Մեթ Ռիվզը, որն աշխատել է Սերկիսի հետ «Կապիկների մոլորակը» ֆիլմի վրա:

Սերկիսի մոտ էկրանավորման գաղափարը ծագել էր դեռ 2012-ին, գրում է Bird in Flight-ը Variety-ի վրա հղումով:

Սերկիսը մտադիր է «Անասնաֆերման» նկարահանել սերիալի ձևաչափով: «Մենք շատ ուրախ ենք, որ կկարողանանք աշխատել Օրուելի ստեղծագործության վրա Netflix-ի հետ: Բացի այդ, ես կվերամիավորվեմ ընկերոջս՝ Մեթ Ռիվզի հետ, որը հայտնի է իր անկեղծությամբ, ազնվությամբ և տաղանդով»,-ասել է Սերկիսը:

Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» լույս է տեսել 1945-ին: Ինքը Օրուելն այն անվանում էր 1917-ի հեղափոխության և Ստալինի իշխանության գալու ալեգորիա: Ըստ սյուժեի, ֆերմայում ապրող կենդանիները վռնդում են իրենց դաժան տիրոջը և 7 պատվիրան սահմանում, որոնք օգնում են պահպանել հավասարությունը: Հետո իշխանությունը զավթում է Նապոլեոն անունով խոզը՝ նա չեղարկում է բոլոր պատվիրանները և մի կանոն է սահմանում, որի համաձայն «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշները մյուսներից ավելի հավասար»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Netflix-ը գնել է Warner Bros.-ից հայկական ծագում ունեցող հայտնի դերասան Էնդի Սերկիսի (Սարգսյան) «Մաուգլի» արկածային կինոժապավենի վարձույթի իրավունքները: