AM
4 September 2018 - 06:38 AMT

ՀՀ-ն և Ճապոնիան կարևորում են գործակցությունը բանկային, ՏՏ, գիտության և կրթության ոլորտներում

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը լավ առիթ է ամփոփելու քառորդդարյա համագործակցությունն ու նախանշելու երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության խորացման ուղղություններն ու հեռանկարները: Այդ մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ նախագահական նստավայրում հյուրընկալելով Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է Ճապոնիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Կողմերն անդրադարձել են նաև այն ոլորտներին, որոնք ունեն փոխշահավետ համագործակցության ակտիվացման մեծ ներուժ և կարող են հարստացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը: Նրանք մասնավորապես կարևորել են գործակցությունը բանկային համակարգում, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, մշակութային փոխանակումների, գիտական և կրթական ոլորտներում ծրագրերի իրականացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ճապոնիան որոշել է թեթևացնել վիզայի պայմանները ՀՀ քաղաքացիների համար: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար նախարար Տարո Կոնոն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ:Նրա խոսքով՝ Ճապոնիան այս ընթացքում առաջարկել է Կովկասյան նախաձեռնություն սկսել։ «Այն երկու հենասյուն ունի՝ օժանդակություն է տրամադրվելու մարդկային ռեսուրսների զարգացման համար, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացման ու բիզնես միջավայրի բարելավման համար», – ասել է Ճապոնիայի արտգործնախարարը։

Ճապոնիայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ճապոնիայի ԱԳ նախարարին կընդունի նաև վարչապետը: