Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը հայտարարել է, որ ժամը 11:00 դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը կազմել է 79,686, կամ քվեարկելու իրավունք ունեցողների 9.39%-ը։
Մայրաքաղաքում ընտրողների իրավունք ունեցողների թիվը, ընդհանուր առմամբ, 848,343 է:
2017 թվականի մայիսին Երևանի ավագանու ընտրություններին, ըստ ԿԸՀ տվյալների, ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել էր 94,256 մարդ՝ ընտրողների 11.19%-ը։
11։00 դրությամբ քվեարկածների թիվն, այսպիսով, պակաս է մոտ 14500-ով կամ 1․8%-ով։
Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։
Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:






