Հայտնի ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներն անդրադարձել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը։
«Պետք չէ արտասվել Ազնավուրի մահվան համար, նա չէր ցանկանա դա: Ազնավուրն իր կյանքն ապրել է դրական, նրան կարելի է հիշել միայն մեծ երախտիքով, ուրախությամբ, ծափահարություններով, բայց ոչ նվնվոցով», – ասել է Պոզները՝ հավելելով, որ աշխարհահռչակ շանսոնյեն ապրել է երկար, հիանալի, հաջողակ կյանքով և «սիրել է մինչև իր կյանքի վերջին պահը»:
Ըստ Պոզների, իհարկե ցավալի է, որ մարդը հեռանում է, սակայն «մյուս կողմից, երբ նա հեռանում է այսպես, այսպիսի կյանքից հետո, կարելի է նույնիսկ նախանձել նրան»:
Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, 94-ամյա շանսոնյեն մահացել է:
Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:
Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։






