AM
2 October 2018 - 12:45 AMT

Ժան Կլոդ Յունկերն՝ Ազնավուրի մասին. Եվրոպան կորցրեց իր ամենահիասքանչ ձայներից մեկը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի վախճանով Եվրոպան կորցրեց իր ամենահիասքանչ ձայներից մեկը:

«Ես խորապես վշտացած եմ նրա վախճանի մասին լուրով: Շառլ Ազնավուրը ոգեշնչում էր մի ամբողջ սերնդի համար՝ մարմնավորելով Ֆրանսիայի հիանալի կերպարը: Տասնամյակներ շարունակ և մինչև վերջին շունչը այդ մեծ արտիստը, երգիչը, կոմպոզիտորն ու դերասանը հարստացրել է մեր կյանքն իր արվեստով: Այսօր Եվրոպան կորցրեց իր ամենահիասքանչ ձայներից մեկը», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լեգենդար շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։