Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի գործարար համաժողովը: Այն անցկացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Բացման արարողությունից հետո քննարկումներ կանցկացվեն 3 ուղղությամբ՝ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացմանն առնչվող թեմաներ, կոմերցիոն հարաբերություններ՝ ներդրումներ ու արտահանում:
Համաժողովը կշարունակի աշխատանքները նաև հոկտեմբերի 11-ին:
Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են:Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն:






