ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա: Այդ մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով ԱՄՆ վարչակազմում Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպման կազմակերպման վերաբերյալ հարցին, հայտնում է Aysor.am-ը
«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումների կայացմանը։ Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, բայց այս պահին չեմ կարող ասել, թե երբ և որտեղ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դեսպան Բոլթոնի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ այդ հարցի շուրջ քննարկում կլինի», – հայտարարել է Ջորջ Քենթը։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Քենթն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Նա տեղեկացրել է, որ վերջին ժամանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում և ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները աջակցում են, որ կողմերը միասին խոսեն, ունենան շփումներ։
«ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան համանախագահ երկրներ են, և Ադրբեջանի ու Հայաստանի հետ միասին հանդիսանում են ԵԱՀԿ անդամ երկրներ։ Մեր բոլոր երկրները ընդունում են ԵԱՀԿ ստանդարտները, որոնք հայտնի են Մադրիդյան սկզբունքներանվանմամբ, որի մեջ մտնում են՝ ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի չկիրառումը։ Յուրաքանչյուր երկիր կարող է իր ուրույն մեկնաբանությունն ունենալ այս ամենի նկատմամբ, բայց խնդրի լուծումը կարող է լինել այս սկզբունքների հիման վրա», – հայտարարել է Քենթը։
Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, որը պատրաստվում է հոկտեմբերի 20-ին տարածաշրջան այց կատարել, որի շրջանակում կլինի նաև Հայաստանում: