Հայաստանի կառավարության առաջնահերթ խնդիրն է ` սեյսմիկ ակտիվ գոտում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման անվտանգության ժամանակակից չափանիշների ապահովումը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` հանդես գալով Յոհանեսբուրգի Կայուն զարգացման միջազգային համաժողովում: Նրա խոսքերով, բնապահպանական անվտանգության հարցերը լուծվում են երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը զուգահեռ: Միեւնույն ժամանակ, ՀՀ վարչապետը ընդգծել է, որ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովմանը եւ համարժեք այլընտրանքային էներգետիկ կարողությունների ստեղծման համար ֆինանսական միջոցների ներգրավմանը ուղղված բանակցությունները առանձնակի լավատեսություն չեն ներշնչում: Եվրամիությունը պատրաստ է տրամադրել այդ նպատակների համար ընդամենը 100 միլիոն դոլար, ինչը, վարչապետի խոսքերով, բավական չէ առկա հիմնախնդիրները լուծելու համար: Հայաստանի կառավարությունը մոտ ապագայում չի ունենա անհրաժեշտ միջոցները ՀԱԷԿ-ի փակման համար` ինչը պահանջում է 1,5 միլիարդ դոլար: Անդրանիկ Մարգարյանը նաեւ հաղորդել է, որ տարեվերջին նախատեսվում է Երեւանում համաժողով անցկացնել դոնոր-երկրների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ մասնավոր ներդնողների մասնակցությամբ` Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրների լուծման համար ֆինանսական միջոցներ գտնելու նպատակով: