AM
27 February 2019 - 08:19 AMT

Վարչապետ. Այսօր հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել 1988 թվականին Սումգայիթի ջարդերի վերաբերյալ:

«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվել և արտաքսվել են Ադրբեջանից: Դա այդ երկրի պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայերի այն խաղաղ ցույցերին, որոնցով նրանք պաշտպանում էին իրենց ինքնորոշման իրավունքը», – գրել է վարչապետը:

Նա նշել է, որ «այսօր Հայաստանում հիշում են Սումգայիթի կոտորածի զոհերին»:

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ: Նպատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից:

Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում:Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Սպանելուց հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան բանակային ստորաբաժանումները քայլեր ձեռնարկեցին: