Պաշտոնական Բաքուն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացման մեջ: Այդ մասին ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով Բաքվի «Էխո» թերթը, հայտարարել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Մեկնաբանելով վերջին ժամանակներս հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շփման գծի վրա` Ա. Ազիմովը նշել է, որ եթե Մինսկի խմբի համանախագահները ժամանեին տարածաշրջան, այդ փաստերը կքննարկվեին նրանց կողմից: Միաժամանակ, փոխնախարարը նշել է, որ, ԵԱՀԿ ներկայիս նախագահի Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն անմիջապես պետք է տեղեկություններ հավաքի խախտումների մասին եւ Եվրախորհրդի ուշադրությունը հրավիրի դրանց նկատմամբ: