Մինչեւ տարեվերջ Լեռնային Ղարաբաղ կայցելի Աբխազիայի Ազգային ժողովի նախագահ Նուգզար Աուշբան: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է Աբխազիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Բեսլան Բութբան, այս մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել Ստեփանակերտում ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Օլեգ Եսայանի հետ հանդիպման ընթացքում: Բութբան ընդգծել է երեք չճանաչված հանրապետությունների` Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրովյեի միջեւ ավելի սերտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով` այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությունն այսօր գտնվում է պատշաճ մակարդակի վրա, սակայն անհրաժեշտ է կարգավորել պետությունների ղեկավարների եւ կառավարությունների միջեւ շփումները: Անդրադառնալով Կովկասյան երկաթուղու աբխազական մասի գործելու հնարավորություններին` Բութբան նշել է, որ դա լուրջ խնդիր է, որը քննարկվում է տարբեր մակարդակներով: «Այստեղ, ամեն ինչ կախված է Վրաստանից»,- ընդգծել է նա:
Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: