Վրաստանի Մառնեուլի շրջանի իրավապահ մարմինները հետաքննում են շրջանի կենտրոնական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Մահմուդ Մամեդովի տան վրա կատարված զինված հարձակման փաստը: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովի տեղեկության համաձայն, Մամեդովին եւ նրա կնոջը լուրջ մարմնական վնասվածքներ են հասցրել: Ինչպես տեղեկացնում է «ANS» գործակալությունը, այդ փաստի առնչությամբ առաջ են քաշվում տարբեր վարկածներ: Չեն բացառվում նաեւ «Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների միջեւ հակասություններ հրահրելու Ռուսաստանի հատուկ ծառայությունների փորձերը»: Նշենք, որ մի քանի օր առաջ նմանատիպ հանցավոր խմբավորում հարձակվել է եւս մեկ տեղացի ադրբեջանցու բնակարանի վրա: Ենթադրվում է, որ հանցագործությունները կատարվել են նույն խմբավորման կողմից: