«Եթե այսօր պատերազմ սկսվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ապա կարող ենք ասել, որ մենք նրանցից թույլ չենք »: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մոհսեն Ամինզադեի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ: Խոսելով օգոստոսի 14-ին նախատեսված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մասին, Ալիեւը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արդյունքի հասնելու իր մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավարը կոչ է արել Իրանին այդ հարցում ազդեցություն գործել Հայաստանի վրա, որի հետ Թեհրանը պահպանում է բավականին ակտիվ տնտեսական հարաբերություններ: Ի պատասխան, Ամինզադեն նշել է, որ Փարիզում նա խորհրդակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայայացուցիչների հետ եւ ներկայացրել Իրանի դիրքորոշումը: «Մենք կշարունակենք մեր ջանքերը եւ հույս ունենք, որ տվյալ հարցը մոտ ապագայում կգտնի իր լուծումը»,- ասել է Ամինզադեն: