AM
31 October 2008 - 10:28 AMT

Տոնինո Գուերային նվիրված հայկական ֆիլմը դարձել է «Ոսկե դահիրա» եւ Նոր կինո. XXI դար» կինոփառատոնների հաղթողը

Ռեժիսորներ Ռուբեն եւ Վահե Գեւորգյանցների Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը ստացել է «Ոսկե դահիրա» եւ Նոր կինո. XXI դար» կինոփառատոնների գլխավոր մցանակները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաղորդել է ֆիլմի ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը:
Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստանի Դաշնություն) կայացած «Ոսկե դահիրա» հեռուստածրագրերի եւ ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի «Պատմություն եւ մշակույթ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմին: Ռեժիսորներին հանձնվեց փառատոնի խորհրդանիշ հանդիսացող «Ոսկե աստվածուհու» արձանիկը: Իսկ Մոսկվայում կայացած «Նոր կինո XXI Դար» միջազգային փառատոնը, որտեղ ներկայացված էին ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի լավագույն ֆիլմերը, կինոնկարին շնորհվեց գլխավոր մրցանակը:

«Տոնինո Գուերային կարելի է անվանել Իտալիայի Հովհաննես Թումանյան: Նրան ճանաչում եւ սիրում են բոլորը: Ինչպես ասել է ինքը Գուերան, մեր ստեղծած ֆիլմը կինոնկար է բոլոր սերնդների հանդիսատեսի համար»,-ասել է Գեւորգյանցը: Նրա խոսքերով, ֆիլմը, որի նկարահանումներն իրականացվել են «Շարմ հոլդինգի», ինչպես նաեւ «Փայտ» եւ «Հայկ» ստուդիաների աջակցությամբ, մասնակցել է բազում միջազգային փառատոնների` «Մոսկովյան պրեմիեռա», Հռոմի Անկախ Կինոփառատոնում /Իտալիա/, ՆԻԿԱ /Ռուսաստան/, Ուղերձ Մարդուն /Ռուսաստան/ Կինոփառատոններում: Մի-նույն ժամանակ ֆիլմը մասնակցել է ոչ մրցույթային ծրագրերում` 21-րդ դարի Իմիջներ (DocFest /Հունաստան/), East Silver /Չեխիա/, որտեղ ներկայացված են եղել եվրոպական լավագույն վավերագրական ֆիլմերը: Ռուբեն Գեւորգյանցը նշել է, որ այժմ քննարկվում է ֆիլմը Ֆրանսիայում կայանալիք փառատոններին ներկայացնելու հնարավորությունը: «Եթե ֆիլմը համապատասխանի Կաննի կինոփառատոնի ձեւաչափին, մենք մտադիր ենք «Հրաշագործի աշունը» ներկայացնել նաեւ այդ փառատոնում»,-հայտարարել է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը: