AM
23 Նոյեմբեր 2019 - 12:34 AMT

Ոստիկանների կողմից խոշտանգման տեսանյութի գործով Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները կասեցվել են

Ոստիկանության բաժնում խոշտանգման տեսանյութի գործով Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

«NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված տեսանյութի կապակցությամբ նոյեմբերի 22-ին ոստիկանությունում ստուգումներ էին սկսվել: