2019-ին կանանց նկատմամբ բռնությունների թվի նվազում է նկատվել, իսկ 2020-ից ընտանեկան բռնության ենթարկված անձինք պետության կողմից 150,000 դրամ աջակցություն կստանան: Այս մասին ասվել է «Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ որքանո՞վ են արդյունավետ օրենսդրական մեխանիզմները» թեմայով քննարկման ժամանակ, հաղորդում է Aysor.am-ը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Օլգա Ազատյանը նշել է, որ 2020 թվականի հունվարից ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցությունը կկազմի՝ 150,000 դրամ՝ անձի համար: Ազարյանի խոսքով՝ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցման կենտրոններ, որտեղ շահառուները իրավաբանական և հոգեբանական աջակցություն կստանան:
«Նախատեսվում է ստեղծել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետական ապաստարան: Սա կլինի պետական աջակցություն ստացող առաջին ապաստարանը», – նշել է բանախոսը:
ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը նշել է, որ 2019 թվականի հունվարից 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտանեկան բռնությունների վերաբերյալ ստացվել է 1420 ահազանգ, որոնցից 808-ով հաշվառվել են անձինք, 618-ով կայացվել է անհետաձգելի միջամտության որոշում:
«2019-ի տասը ամիսների ընթացքում գրանցվել է կանանց և աղջիկների նկատմամբ 1509 դեպք, 2018-ի նույն ժամանակահատվածի՝ 1928 դեպքի նկատմամբ: Առկա է կանանց և աղջիկների նկատմամբ կատարված բռնությունների նվազում: Սրանցից 2019 թվականին ընտանիքում կատարված դեպքերի քանակը կազմում է 305, 2018-ի՝ 460-ի փոխարեն», – ասել է Վարդանյանը:






