Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակում Երևանում (Սիլիկյան թաղամասում) կկառուցվի քրեակատարողական նոր հիմնարկ, իսկ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները կփակվեն:Կառավարության նիստում հաստատվել է «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:
Նոր ՔԿՀ-ն մոտ 1200 լրակազմ կունենա, իսկ 200 մահճակալը նախատեսվելու է բուժման կարիք ունեցող անձանց համար:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ պահման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է նաև.
Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում):
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք:
Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:
Նախարարի խոսքով, ռազմավարության նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումն ու հասարակական անվտանգության ապահովումը:
Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար:






