Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորության արարողությանը:
Արմեն Սարգսյանը անձամբ էր ճանաչում տիկին Գոհարին և նրա ամուսնուն՝ հետախուզության լեգենդ Գևորգ Վարդանյանին, հայտնում է նախագաի մամուլի ծառայությունը:
Նախագահ Սարգսյանը չափազանց բարձր է գնահատում Վարդանյան ամուսինների վաստակը հետախուզության ոլորտում և իր հանդիպումների, զրույցների ու ելույթների ժամանակ հաճախ էր նրանց օրինակով նշում, թե ինչ է նշանակում հայրենիքին ծառայելը, հայրենիքից հեռու ապրելով ՝ հայրենիքը սիրելը և երբեք հայրենիքը չմոռանալը, ինչ է նշանակում Հայաստանում այնքան էլ երկար չլինելով՝ Հայաստանն այդքան շատ սիրելն ու հայ մնալը։
Վարդանյանների և Սարգսյանների ընտանիքները երկար տարիներ ջերմ հարաբերություններ ունեին, նրանց կապում էր մեծ բարեկամությունը։ Արմեն Սարգսյանը հնարավորության դեպքում մշտապես այցելում էր Գոհար և Գևորգ Վարդանյաններին։
Գոհար Վարդանյանն ամուսնու՝ Գևորգ Վարդանյանի հետ կարևորագույն դերակատարություն է ունեցել Թեհրանում 1943-ին հակահիտլերյան կոալիցիայի ղեկավարների հանդիպման անվտանգության ապահովման գործում։ Նրանց ջանքերի շնորհիվ կանխվել է Ստալինի, Ռուզվելտի ու Չերչիլի դեմ մահափորձը։ Գոհար Վարդանյանի ամուսինը՝ Գևորգը, մահացել էր 2012 թվականին։
ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությանը:






