5 ամսվա ընթացքում EasyPay վճարահաշվարկային ընկերության տերմինալներով Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին է փոխանցվել ավելի քան 5.5 մլն դրամ՝ 25-ից բարձ տարիքային խմբում գտնվող հիվանդների բուժման համար: Այս մասին Պրոֆ․ Ռ․ Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հայտնեցին տնօրեն Սամվել Դանիելյանը և EasyPay ընկերության ֆինանսական վարչության ղեկավար, տնօրենի պաշտոնակատար Միքայել Գաբրիելյանը:
Դանիելյանի խոսքով՝ նմանատիպ նախաձեռնությունները ոչ միայն էապես նպաստում են հիվանդին, այլև փոխում Հանրապետության մթնոլորտը:
«Բարեգործությունն ունի իր վարակիչ հատկությունները: Մինչ այս չափահաս հիվանդների հարցը մնում էր օդից կախված, մանկական մնացած հիմադրամները, որ օժանդակում էին մինչև 25 տարեկանների բուժմանը, փակում էին նրանց ծախսերն ամբողջովին, իսկ 25-ից բարձրը տարիքի հիվանդները անորոշ վիճակում էին, քանի որ պետպատվերի սահմաններն էլ առանձգական չեն: EasyPay-ն իսկապես առաջին մեծ կազմակերպությունն էր, որ օգնության ձեռք մեկնեց»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ աշխարհում ընդունված կարգ է համարվում բարեգործությունը, որին գիտակցաբար մասնակցում են հազարավոր մարդիկ:

Դանիելյանի խոսքով՝ գումարը հատկապես կարևոր է ախտորոշման փուլում, ստուգողական կարգի անալիզների՝ արտերկիր ուղարկման համար:
EasyPay ընկերության տնօրենի պաշտոնակատար Միքայել Գաբրիելյանը նշեց, որ ամսական միջինում 1.5 մլն դրամ է հավաքագրվել և 10, 20, 30 դրամներով մոտ 60,000 վճարում է կատարվել:
«Այս պահի դրությամբ ավելի քան 5,5 մլն դրամ է փոխանցվել Արյունաբանական կենտրոնին, որը, ինչպես տեսանք, մեծ ազդեցություն և դեր ունի հիվանդանոցի կյանքում»,-ասաց Միքայել Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին իրենց նպատակն է հաճախորդներին ծանուցել, որ կամավոր փոխանցված գումարները ժամանակին հասցվում են հասցեատերերին և իրենց նպատակին են ծառայում:

Կայացած հանդիպում-քննարկման ընթացքում Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկներն ու EasyPay ընկերության ներկայացուցիչները քննարկեցին համատեղ նախաձեռնության կարևորությանն առնչվող հարցեր, հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել և նախանշել հետագա անելիքները:
Ամփոփելով հանդիպումը՝ EasyPay ընկերության բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Գոռ Չատյանը նշեց, որ 2020-ին նախատեսվում է ընկերության վճարային տերմինալները հասանելի դարձնել և ավելացնել նաև մարզային բնակավայրերում՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր բնակչի իր ներդրումն ունենալ բարեգործությանը:






