Դեսանտային զորքերի վետերանները, որոնք օգոստոսի 2-ին նշում էին Ռազմադեսանտային զորքերի օրը, ավերել են մերձմոսկովյան Զելենոգրադ քաղաքի շուկաներից մեկը: Համաձայն Ռուսաստանի ԶԼՄ-ների, դեսանտայինները ծեծի են ենթարկել «հարավային արտաքին» ունեցող վաճառողներին: Նախնական տվյալներով տուժել է չորս մարդ, այդ թվում նաեւ թոշակառուներ: Ինչպես հաղորդել են Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչությունից, ծեծկռտուքին մասնակցել է 200 մարդ: Ընդ որում, ոստիկանության ամփոփագրերում հաղորդվում է հետեւյալը.«ռուսները կռվել են ադրբեջանցիների հետ, մի դեսանտային տեղափոխվել է վերակենդանացման բաժին` կտրովի վերքերով»: Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչությունում այդպես էլ չեն հաստատել, որ ադրբեջանցիներին ծեծի են ենթարկել դեսանտայինները` գերադասելով նրանց անվանել պարզապես «ռուսներ»: