AM
16 Դեկտեմբեր 2019 - 11:46 AMT

3 արագաչափ կոտրած անձը բերման է ենթարկվել

Արշակունյաց պողոտայում, Հալաբյան և Լենինգրադյան փողոցներում մեկական արագաչափ կոտրած անձը բերման է ենթարկվել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ նշված անձը խոստովանական բացատրություն է տվել: Արագաչափեր կոտրած անձին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է աստիճանավանդակ և երկաթե մահակ:

Ոստիկանությունից նշում են, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 18.17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել «Սեքյուրի Դրիմ» ՍՊԸ անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 17.36-ին, անհայտ անձը դիտավորությամբ կոտրել է Արշակունյանց պողոտայի 18 հասցեում տեղադրված արագաչափ սարքը:Նույնաբովանդակ ահազանգ է ստացվել նաև դեկտեմբերի 14-ին, ժամը 18.25-ին, որ կոտրել են Հալաբյան փողոցի 43 շենքի մոտ գտնվող, ինչպես նաև Լենինգրադյան փողոցի 16 շենքի մոտ գտնվող արագաչափերը: