AM
26 Դեկտեմբեր 2019 - 12:11 AMT

Դատավոր Ուզունյանի դեմ ՀՀ սահմանը հատելու դեպքով քրգործ է հարուցվել

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի՝ ՀՀ պետական սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով:

Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցին ի պատասխան նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Սամվել Ուզունյանի՝ ՀՀ «Զվարթնոց» սահմանային անցակետով ՀՀ-ից մեկնելու դեպքի առթիվ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ և ընդունվել ՀՀ ՀՔԾ վարույթ»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Դեկտեմբերի 21–ին տեղեկություն տարածվեց, որ «Հոկտեմբեր 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր ժամանակահատվածներում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի՝ $51,000 կաշառք ստանալու համար:

Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն: