AM
8 Հունվար 2020 - 13:21 AMT

ԱԺ-ին արծաթի փոխարեն մետաղյա մեդալներ մատակարարողները գրավով ազատ են արձակվել

ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու գործով մեղադրյալները գրավի դիմաց ազատ են արձակվել, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ի (ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է) և նրան օժանդակող՝ ՍՊԸ գործունեությունը փաստացի ղեկավարող Գ. Գ.-ի մասին է: Նրանց արդեն իսկ մեղադրանք առաջադրվել է վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ 9.5 մլն դրամ գումար հափշտակելու համար:

Ինչպես պարզվել է՝ նրանք ընդհանուր առմամբ 32 գործարք են արել՝ 30 մլն դրամի, որի մեծ մասը՝ վերոնշյալ ՍՊԸ-ի և Ա/Ձ-ի հետ:

2019-ի սեպտեմբերին պարզվել էր, որ 2015-2017թթ. պաշտոնատար անձինք, դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել էին «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի» և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի» գնումներ: