AM
9 Հունվար 2020 - 06:57 AMT

Սուրենյան. Տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն է հայտնել շարունակվող տաք և չոր օրերի մասով։

«Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով»,- նշել է նա։

Սուրենյանի խոսքով նաև՝ առաջիկա 10 օրը ոչ լուրջ տեղումներ են սպասվում, ոչ էլ ջերմաստիճանի անկում. «ավելին՝ հունվարի 15-ից հետո կդիտվի օդի ջերմաստիճանի որոշակի բարձրացում»:

Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ամսի 9-ին՝ առանձին շրջաններում թույլ ձյուն, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. ցերեկային ժամերին կգրանցվի +3…+8 աստիճան, իսկ Սյունիքում և Արցախում՝ մինչև +15: Երևանում՝ հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ամսի 9-ին հնարավոր են թույլ տեղումներ: Ցերեկային ժամերի կգրանցվի +5…+7 աստիճան տաքություն: