Հայաստանում անցկացվող տոնական միջոցառումները պետք է պլանավորել նախօրոք և նվազագույնի հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տարվա միջոցառումները պարզ են մեզ համար. Սեպտեմբերի 21… այս տարի պլանավորում ենք Յարխուշտայի փառատոն սկսել: Այս ամենն ինչի համար եմ ասում՝ մեզ պետք է պլանավորել, մրցութային նորմալ ընթացակարգերով իրականացնել ամբողջ միջոցառումները և, եթե չբացառել, ապա առնվազն նվազագույնի հասցնել մեկ անձից գնումների պրակտիկան»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ 2 տարվա փորձը հաշվի առնելով, հաջորդ Ամանորի միջոցառումների պլանավորումը պետք է հենց այս պահից սկսել:
Վարչապետը նշել է նաև, որ տոների համար արվող ներդրումները տնտեսապես իրենց արդարացնելու են, իսկ 2020-ը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու, ինչի ազդակներն արդեն կան:
Ամանորին, ինչպես նաև համապետական այլ միջոցառումների ժամանակ գնումները հաճախ արվում են մեկ անձից, ինչը պարբերաբար խիստ քննադատվում է հանրության կողմից: Մեկ անձից և ոչ մրցակցային պայմաններում կատարված գնումների մասին խոսվել է նաև 2019-ի տոնական միջոցառումներից առաջ: Նշվում էր, որ միջոցառումները կազմակերպող 4 ընկերությունն առանց մրցույթի, քննարկումների ընթացքում և Կառավարության որոշմամբ են ստացել այդ հնարավորությունը:






