AM
10 Հունվար 2020 - 13:06 AMT

Գլխավոր դատախազ. Ռազմիկ Աբրահամյանի փաստաբանի հետ եմ հանդիպել, ոչ թե նրա

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է դատախազության շենքի դիմաց ցույց անող ապօրինի որդեգրման ճանապարհով երեխաներին կորցրած մայրերի ներկայացուցիչներին: Նա հերքել է գործով անցնող «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ հանդիպելու մասին շրջանառվող լուրերը, հայտնում է «Առավոտը»:

Հունվարի 10-ին բողոքի ակցիա անող մայրերը նշում էին, որ երեխաների ծննդյան և մահից հետո տրված փաստաթղթերի մեջ անհամապատասխանություններ են եղել, իսկ գործերի քննությունն օբյեկտիվ չի տարվել: Նրանք կասկածներ ունեն, որ իրենց երեխաները ողջ են:

Մայրերից մեկը Արթուր Դավթյանին հարցրել է, թե արդյոք իրականությանը համապատասխանում են համացանցում շրջանառվող տեղեկությունները, որ Դավթյանը Աբրահամյանի հետ պարբերաբար հանդիպում է «Կուժ» ռեստորանում: Դատախազը պարզաբանել է` մատուցողը շփոթել է, ինքը նրա փաստաբանին է հանդիպել: Հարց տվողն իր կասկածն է հայտնել՝ նշելով, որ Աբրահամյանը հաղթանդամ, գեղեցիկ տղամարդ է, գրական հայերենով է խոսում, մինչդեռ նրա փաստաբանը փոքրամարմին է և ոչ գրական հայերենով է խոսում, ուստի շփոթելը մի փոքր անտրամաբանական է:

Արթուր Դավթյանը պատասխանել է, որ դա իր համար «թասիբի հարց է» և դատաքննության ընթացքում ինքը կպարզաբանի և կապացուցի, որ փաստաբանի հետ է հանդիպել, իսկ Աբրահամյանին անգամ դեմքով չի տեսել:

Հանդիպմանը ներկա էին դատախազության այլ պաշտոնյաներ ևս: Դատախազության ներկայացուցիչները ցուցարարներին ներկայացրել են խափանման միջոցները փոխելու մասին դատարանի որոշումները բողոքարկելու որոշումը և հավաստիացրել, որ ցուցարարների հետ «նույն դաշտում են»:

2019-ի դեկտեմբերի 18-ին ապօրինի որդեգրման գործի շրջանակում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել էին Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը: Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Դեկտեմբերի 30-ին հայտնի էր դարձել, որ ապօրինի որդեգրումների քրգործով 5 մեղադրյալն էլ դատարանների կողմից ազատ են արձակվել։ Աբրահամյանն ազատ էր արձակվել առանց գրավի։ Դատախազությունը բողոքարկել է ապօրինի որդեգրումների գործով խափանման միջոցների վերաբերյալ դատարանի որոշումները:

Կապակցված նյութ՝ Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալներին ազատելու դեմ բողոքող մայրերը դատախազի հետ հանդիպումից մասամբ գոհ են: