Երևանի և Կոտայքի մարզի դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են գրանցվել։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մասնակի զննման արդյունքում մի շարք թերություններ է արձանագրել։
ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ հունվարի 8-ին և 9-ին Երևանում և Կոտայքի մարզում գործող հանրակրթական 141 դպրոցից 4-ի դասասենյակներում 14-16 °C է եղել, իսկ 23 դպրոցի ռեկրեացիաներում՝ 5-16 °C։
Հանրապետության մարզերի դպրոցներում սահմանված ջերմաստիճանի պահպանման ամփոփ պատկերը դիտարկվում է։
Հիմք ընդունելով տեսչական մարմնին ուղղված բողոքը, թե դպրոցում չի ապահովվում առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ն հունվարի 10-ին վարչական վարույթ է հարուցել, որի շրջանակում Ավանի Դուրյան 24 հասցեում գործող «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում մշտադիտարկում է տարվել։
Մասնակի զննման արդյունքում մի շարք թերություններ են գտել։
Դպրոցի 8 մասնաշենքում տեղակայված աշխարհագրության կաբինետում, 3 դասասենյակում և ռեկրեացիաներում (միջանցք) ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում հետևյալ պատկերն է եղել. N6/1 և N8/3 դասասենյակներում՝ 16°C, N7/2 դասասենյակում՝ 20°C, աշխարհագրության կաբինետում՝ 18, ռեկրեացիաներում՝ 14°C։
Բացի ջերմաստիճանի խնդիրներից՝ խախտումներ են եդել նաև սանհանգույցների մասով։ Զննման արդյունքում պարզվել է, որ 8 մասնաշենքի յուրաքանչյուր հարկում մեկ սանհանգույց կա՝ միայն տղաների կամ աղջիկների համար՝ 4 խցիկով, իսկ սանհանգույցի 4 խցիկից գործում է միայն 2-ը. մյուսները կողպված են և չեն շահագործվում։ Մինչդեռ նախարարի հրամանով սահմանված պահանջն է յուրաքանչյուր հարկում ունենալ մեկական սանհանգույց աղջիկների և տղաների համար։
Սանհանգույցների նախասրահներում 4ական լվացարան կա, որից մի մասն անսարք է և չի գործում։
Զննման պահին զուգարանի սարքավորումները ոչ պատշաճ սանիտարական վիճակում են եղել, ապահովված չեն եղել հեղուկ օճառով ու զուգարանի թղթով, սենքերն էլ չեն ունեցել ամբողջական մակերեսներ՝ ծեփոնաթափված և խոնավացած են։
Մաքրման համար նախատեսված պարագաները գտնվել են նախասրահում՝ բաց վիճակում և առանց մակնշման, բացակայել է կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղը։
Անձնակազմի համար առկա է 2 սանհանգույց՝ 2-ական խցիկով, որոնցից մեկական խցիկ չի գործում, չի եղել ջրհոսքի հարմարանք։
«Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ. 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում զննումները շարունակվելու են մինչև հունվարի 17-ը։
Առողջապահության նախարարի 12-Ն հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները: Հրամանը ստորագրվել է 2017 թվականի մարտի 28-ին: Օրենքն ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 12-ից։
Առնվազն 18-22 աստիճան ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։Արգելվում է դպրոցների ջեռուցումը վառարաններով։






