Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավար Կարեն Վարդանյանի պահվածքը նրան անվստահելի գործընկեր է դարձնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Կարեն Վարդանյանը «Լրատվական ռադիոյի» եթերում ավելի վաղ հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Վարդանյանը նշել էր, որ դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած «սաբոտաժի դասական օրինակն է»
Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը շարունակելու է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնել` լինի ԱՏՁՄ-ի, թե՝ այլ կազմակերպության հետ:
«Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, ում կազմակերպությունն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 մլն դրամի վերջին գումարները 3 մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը 4 ամսում»,- նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ 2019-ին ինժեներական լաբորատորիաների բյուջեն կազմել է 352 մլն դրամ, իսկ 2020-ին՝ 671 մլն:
2014-ին ընդունված հանրակրթական համակարգում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրով Հայաստանի մի շարք քաղաքների և գյուղերի դպրոցներում գործում են ինժեներական խմբակներ: Այժմ ՀՀ, Արցախի և Վրաստանի տարածքում գործում է 280-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ ավելի քան 7500 երեխա անվճար ինժեներական կրթություն է ստանում։






