Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն սահմանափակումներ ունեն և աշխատունակ չեն, Կառավարության նիստի ժամանակ «Պետական նպաստի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու քննարկմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրման վերաբերյալ քննարկումից հետո հայեցակարգային մակարդակով հստակեցվել են ոլորտում գործադիրի անելիքները՝ աշխատունակ մարդկանց պետք է քաջալերել, որպեսզի աշխատեն:
Դիտարկումներից հետո Կառավարությունը հավանություն է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագծին:
Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ կերակրողին կորցնելու դեպքում 18 տարեկան անձի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է դադարեցման օրվանից՝ 6 ամսվա ընթացքում՝ տեղեկանք ներկայացնելու դեպքում:
Ըստ նախագծի՝ հաշմանդամություն ունեցող երեխայի նպաստը ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին:
Բացի այդ, թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելն անձի մահանալու դեպքում` հիմք ընդունելով փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տեղեկանքը:
ՀՀ վարչապետը բազմիցս վերահաստատել է իր դիրքորոշումը, ըստ որի աշխատող կամ աշխատունակ մարդկանց նպաստներ տալը սխալ է, և ինքը կողմ է աշխատանքը խրախուսող տնտեսական և բյուջետային քաղաքականությանը:






