AM
30 Հունվար 2020 - 14:05 AMT

Ոստիկանապետի ԺՊ. «Ադեկվադի» անդամները բերման են ենթարկվել օրենքի սահմաններում

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը` պատասխանելով «Ադեկվադ»-ի անդամներին բերման ենթարկելիս ոչ համաչափ ուժի կիրառման և անհիմն կասկածների մասին հարցին, հայտարարել է, որ նրանք բերման են ենթարկվել օրենքի սահմաններում:

«Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում է իրականացրել գործառույթները, օրենքի սահմաններում: Ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննող մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին և ազատ արձակել՝ ստուգման արդյունքներով»,- ասել է Արման Սարգսյանը, գրում է «Առավոտը»:

Նրա խոսքով՝ առհասարակ, հնարավոր է, որ նույն անձանց պարբերաբար բերման ենթարկեն:

«Այդ չորս անձին նկատի չունեմ, այլ առհասարակ: Վերջերս ԶԼՄ-ներից մեկն էր գրել, որ քրեական ենթամշակույթին հարող մեկին են պարբերաբար բերման ենթարկում: Տեղեկությունը ստուգելու համար բերման ենք ենթարկում, ստուգում տեղեկության իսկությունը և ազատ արձակում՝ սահմանված ժամը լրանալուն պես»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե Նարեկ Մալյանը և «Ադեկվադի» անդամները քաղաքական հետապնդման են ենթարկվում, ոստիկանապետի ԺՊ-ն համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. «Այդ չորս անձանց և մյուսների հարցով քաղաքական հետապնդման մասին խոսք չի կարող լինել»:

Խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման մասին՝ Սարգսյանն ասել է. «Քննարկել ենք ոստիկանությանը վերաբերող հարցեր և խնդիրներ, եղել են սուր հարցեր: Վստահ եմ, որ հանդիպումը ստացված է: Խորհրդարանական երկրում սա հաշվետվողականության ձև է»:

Հունվարի 28-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիրներներից Կոնստանտին Տեր-Նակալյանին, ինչպես նաև Արթուր Դանիելյանին և ևս 2 անդամի: Ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման էր ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռության հեղինակ Նարեկ Մալյանը: Ավելի ուշ բոլորն ազատ են արձակվել