«Հանրաքվեի» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների օրինագծերի փաթեթի քննարկումների համար Ազգային ժողովում գումարվելիք արտահերթ նիստի մասին լուրը հանվել է ԱԺ պաշտոնական կայքից։ Խորհրդարանի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունում չգիտեն՝ նիստը կկայանա, թե` ոչ:
Ավելի վաղ ԱԺ-ից հայտնել էին, որ խոսնակ Արարատ Միրզոյանի որոշմամբ, պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի արտահերթ նիստ: Նշվել էր, որ օրակարգում կլինեն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
«Արտահերթի հետ կապված, տեղեկացված չենք: Կայքով մենք չենք զբաղվում, երևի տեխնիկական խնդիր է եղել, հանել են, օրվա մեջ, եթե ինչ-որ բան լինի, ինֆորմացիա ունենանք, որ նիստը կայանալու է, կայքում կտեղադրվի»,- հայտնեցին ԱԺ-ից:
2019-ի դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ 2020-ին սպասվող սահմանադրական փոփոխությունները կվերաբերեն նաև Սահմանադրական դատարանին: 2020-ի հունվարի 30-ին նախարարը հայտնել էր, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում նախատեսվում է 6 իրավաբան գիտնականի և քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցիչի մասնակցություն:






