AM
3 Փետրվար 2020 - 11:18 AMT

Երևանցի ամուսինները մարդկանց հարկադրաբար մուրացկանության մեջ են ներգրավել

Երևանցի ամուսինները մարդկանց հարկադրաբար մուրացկանության մեջ են ներգրավել: Նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքով ամուսիններին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

Ըստ կառույցի՝ Երևանի 43-ամյա բնակիչը, իր 49-ամյա կնոջ հետ, նախնական համաձայնությամբ, վիճակի խոցելիությունն օգտագործելով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով և վտանգավոր բռնություն գործադրելով, հարկադիր աշխատանքի ձևով թրաֆիքինգի են ենթարկել 3 անձի, այդ թվում՝ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցելու և դա ղեկավարելու հնարավորությունից զրկված:

Ամուսինները, մասնավորապես, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր տարածքներում մուրացկանությամբ զբաղվող 3 անձի հայտնել են, որ նշված տարածքներն իրենք են հսկում դրանք, և մուրացկանությունը շարունակելու համար նրանք պետք է իրենց օրական գումար տան:

Երբ նրանք հրաժարվել են ամուսինների պահանջը կատարելուց, վերջիններս՝ ծեծելով և սպառնալիքներով, հարկադրաբար ներգրավել են նրանց մուրացկանության մեջ և 2018-ի ամռանից մինչև 2019-ի մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում ստացել մուրացկանությամբ հայթայթած գումարներից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի նշված բնակիչներից մեկի առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ՝ պարբերաբար ծեծի ենթարկելով և դրա սպառնալիքներով՝ ամուսինները ներգրավել են նրան անձեռոցիկների մանրածախ առևտրի մեջ՝ Երևանի կենտրոնում կազմակերպելով նրա կողմից մեքենաների վարորդներին անձեռոցիկների վաճառքն ու վերցնելով դրա արդյունքում ստացված հասույթը:

Բավարար ապացույցների համակցությամբ՝ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով (Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով`), 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը կամ շահագործելը, պատժվում է ազատազրկմամբ` 7-10 տարի ժամկետով):

Նրանց հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: