AM
3 Փետրվար 2020 - 12:24 AMT

Մարտի 1-ին նվիրված հուշարձանի բաց մրցույթում ոչ ոք չի հաղթել. Նոր հայտեր կընդունվեն

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը:

«Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել»,-ասվում է գրառման մեջ:

Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը:

Հուշարձանը նախատեսվում է բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, այն կտեղադրվի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները: Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

2008-ի փետրվարի վերջին ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանրահավաքներ ու նստացույց էին անում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցներն Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտան բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: